Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բաց նամակներ` առանց հասցեատիրոջ

Բաց նամակներ` առանց հասցեատիրոջ
15.09.2009 | 00:00

ԿԱՐՈՒՍԵԼ` ԴԵՏԵԿՏԻՎԻ ԺԱՆՐՈՎ
Աստծո անցած յոթ օրում Հայաստանի ու, մասնավորապես, Երևանի որոշ հատվածներում սկսվել էր բաբելոնյան աշտարակաշինությունը, բայց Տերը խառնեց լեզուները, և աշտարակը մնաց անկառույց: Աստվածաշունչն այս շաբաթ տարածաշրջանում հիշելու այլ առիթներ էլ եղան: Աշունն արագություն է հավաքում հենց սեպտեմբերի սկզբից:
ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն կառավարությանն է ներկայացրել 2010-ի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը խնդիր է դնում աշխատել խնայողական ռեժիմով և բյուջեի նախագծին ըմբռնումով վերաբերվել։ «Բյուջեն լինելու է կայունացման բյուջե հաջորդ տարվա համար, որը ենթադրում է նաև որոշ ծախսերի կրճատում` այս տարվա համար հաստատված բյուջեի ծավալներից»: Բյուջեի նախագծի հիմքում ՀՆԱ-ի 1,3 տոկոս աճ է հաշվարկվում, բյուջետային դեֆիցիտը կկազմի 5,5 տոկոս, որի ֆինանսավորման համար նախատեսված են ներքին ու արտաքին աղբյուրներ: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները ֆինանսների նախարարություն առաջարկություններ ներկայացնելու մեկ շաբաթ ունեն:
2001-ի սեպտեմբերի 11-ին «Ալ-Ղաիդա» խմբավորման ահաբեկիչների առևանգած չորս ինքնաթիռներից երկուսը բախվեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերներին, մեկը` Պենտագոնի շենքին, մեկն ընկավ Փենսիլվանիա նահանգում: ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ութ տարին նշանավորող և 3 հազար զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ եղան Նյու Յորքում և այլ քաղաքներում: Իսկ Ուսամա բեն Լադենը դեռ ողջ է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նշանակումով փոխարինել է Ռոբերտ Բրադկեն: Նա շուտով կայցելի տարածաշրջան:
Դեսպան Բրադկեն այս պաշտոնը ստանձնում է 36-ամյա աշխատանքային փորձ ունենալով: ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «ԱՄՆ-ը հասկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային կարևորությունը և ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև վերջին դրական երկխոսությունը»: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մատնանշել է երկու նախագահներին իր հետաքրքրվածությունը Մինսկի խմբի հետագա ջանքերով` հակամարտությունն արդյունավետ հանգրվանի հասցնելու առումով, Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստակամ է հնարավորն անել այդ նպատակի համար:
Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Հիմնավորումը` «Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման և անհասկանալի քվեարկության հետևանքով իմ և իմ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգման, որ ես այս խորհրդարանում այլևս անելիք չունեմ»: Ցավոք, Սուքիասյանը չի ասում, թե «այս խորհրդարանում» ընդհանրապես ո՞վ անելիք ունի:
Աստվածաշնչյան ջրհեղեղի իրեղենությանը հավատալու ևս մի հիմք հայտնվեց` ջրհեղեղը Ստամբուլում. ոչ վերջնական տվյալներով կան արդեն 30 ջրահեղձ, բազում անհետ կորածներ ու տուժածներ: Ստամբուլի շատ փողոցներ հայտնվել են երկու մետր ջրի տակ, որոշ հատվածներում ջուրը բարձրացել է մինչև 4 մետր: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև ուղղաթիռներ: ՈՒժեղ անձրևները կշարունակվեն:
65 տարեկան դարձավ «Մոսկվայի վիրտուոզներ» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը, մարդ, որն աշխարհի բեմերում իրեն զգում է ինչպես տանը և «տնեցիներին» պարգևում է երաժշտության անվերջությունը:
Սեպտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրամիության պաշտոնատարները կփորձեն հասկանալ ու որոշել` ի՞նչ քաղաքականություն վարել Հարավային Կովկասում: Առանձնապես դարակազմիկ փոփոխություններ հազիվ թե լինեն` ԵՄ հիմնական նպատակներից մեկը կմնա երեք երկրների օրենսդրական համապատասխանեցումը ԵՄ օրենսդրությանը, տարածաշրջանային կայունության ապահովումը, համագործակցությունն էներգետիկ և առևտրի ոլորտներում: Հարավային Կովկասի երկրներին ԵՄ անդամակցություն սկզբունքորեն չի առաջարկվի:
ՀԱԿ-ը սկսում է քաղաքական աշունը: Սեպտեմբերի 18-ի հանրահավաքն «ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը»: Հանրահավաքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 24-ը: ՀԱԿ-ի հայտարարությունն արձանագրում է. «Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցօր ցուցադրում է իր տարրական անկարողությունը և ոչ կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում»: Հայտարարությունն անդրադառնում է նաև արտաքին քաղաքականությանը, նշելով, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները վկայում են, որ Հայաստանն իրականում ընդունել է Թուրքիայի նախապայմանները: Նշվում է, որ պատմական հարցերի ուսումնասիրության ենթահանձնաժողով ստեղծելով` կդադարեցվի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, սակայն Հայաստանը ցեղասպանության ուրացման անընդունելի գնով կստանա սահմանի բացման խոստումներ թղթի վրա: Ընդունվել է նաև մեկ այլ նախապայման` սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման, որի կարիքը բնավ չկար, քանի որ, անդամակցելով ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին, Հայաստանն ընդունել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Ընդդիմությունը կասկածներ ունի, որ իշխանությունները պատրաստ են նույնքան անընդունելի գործարքների գնալ Ղարաբաղի հարցում: Փաստորեն Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. մինչև չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, և 5 շրջանները չազատվեն հայկական զորամիավորումներից, Թուրքիան չի բացելու սահմանները և չի կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Այլ հարց է, որ կարող են լինել զիջումներ:
Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիևը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը. «Թուրքիան կարող է նախապատվությունն իր շահերին տալ, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի ժողովրդին կդավաճանի»: Եվ գիտե՞ք` ինչու՞: «Թուրքիան Ադրբեջանի ժողովրդին դժվար կացության մեջ չի թողնի, քանի որ թուրք ժողովուրդը թույլ չի տա գործել նման ցանկություններ ունեցող քաղաքական գործիչներին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն հանդիպումներ է սկսել խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ. «Նպատակ ունենք լուսաբանել ստորագրվելիք արձանագրությունները բոլոր քաղաքական կուսակցությունների, հաստատությունների և քաղաքացիական մարմինների համար»: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մի քանիսը դեմ են կարգավորման ծրագրին, որը հակասում է Թուրքիայի շահերին և սպառնում Ադրբեջանի հետ կապերին` նրանց կարծիքով: Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի սատարի հայ-թուրքական համաձայնություններին` «մինչև Հայաստանը դուրս չգա Ղարաբաղից»: Ազգայնական շարժման ղեկավար Դևլեթ Բահչելին նախաստորագրված արձանագրությունները որակել է «Թուրքիայի հանձնվելը Հայաստանին»:
Ֆրանսիայի իշխող կուսակցության` «Ժողովրդական շարժում» միավորման պատգամավորները քննադատել են սեպտեմբերի 7-ին Բրյուսելում հրապարակված զեկույցը, որով Թուրքիայի դռները Եվրամիության առաջ բացելու կոչ է արվում` «Վերջ դնել անարդյունավետ շրջանին» բանաձևով: Զեկույցի հեղինակն անկախ հանձնաժողովն է, որը ստեղծվել է աջակցելու Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Հանձնաժողովի անդամները ԵՄ երկրների բարձրաստիճան պետական պաշտոնյաներ են: Մահտի Ահտիսաարի ղեկավարությամբ կազմված զեկույցը ներկայացրել է CnnTurk լրատվական գործակալությունը: UMP-ի պատգամավոր Ռիչարդ Մալիեն զեկույցը սկանդալային է որակել ու Ահտիսաարին հիշեցրել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մերժող տեսակետը Ֆրանսիայի ժողովրդի հետ կիսում են Հունաստանի, Հոլանդիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Գերմանիայի ժողովուրդները: «Թուրքիան ո՛չ իր աշխարհագրական դիրքով, ո՛չ էլ պատմությամբ եվրոպական չէ», համոզված է Ռիչարդ Մալիեն:
ՀՅԴ-ն պատրաստվում է Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումների. կառավարության և արտաքին գործերի նախարարության շենքերի դիմաց սեպտեմբերի 15-ին նստացույց ու հացադուլ է նախատեսվում, նաև ստորագրահավաք է սկսվելու: «Այս գործողությունների նպատակն է մերժել պարտադրվող նախապայմանները, պահանջել հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում», ասվում է ՀՅԴ-ի հայտարարության մեջ:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը սեպտեմբերի 9-ի նիստում չի քննարկել ԵԽԽՎ 1677 բանաձևի կատարման ընթացքը Հայաստանում. չի հասցրել: Եվ, ինչպես կարծում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «որևէ նախադրյալ չկա, որ Հայաստանի հարցը պետք է քննարկվի»: Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ:
Այս շաբաթ ՀՀ նախագահը, խախտելով երկրից ոտքը դուրս չդնելու չգրված օրենքը, պաշտոնական այցով Խորվաթիա էր գնացել: Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասաց. «Կա՛մ մենք ուղի ենք հարթում դեպի նոր Հարավային Կովկաս, կա՛մ խորացնում ենք հակասությունները, անվստահությունը և թշնամությունը»: Ստեպան Մեսիչն էլ խորիմաստ նկատել էր. «Ինչպես ցանկացած պատերազմ խաղաղությամբ է ավարտվում, այդպես էլ ցանկացած կոնֆլիկտ պետք է ավարտվի պայմանագրով»:
Մարշալի հիմնադրամի ավագ վերլուծաբան Են Լեսերը կարծում է, որ հայ-թուրքական մերձեցումը նպաստավոր է ԱՄՆ-ի համար: Կա 4 գործոն` 1. սահմանի բացումը կխթանի Հայաստանի տնտեսական զարգացումը, 2. հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական ազդակ կլինի այլ հակամարտությունների համար, 3. բացելով սահմանը` Թուրքիան կամրապնդի իր արտաքին քաղաքական նոր կուրսը, որի նշանաբանն է` հարևանի հետ ոչ մի տարաձայնություն, 4. սահմանի բացումը կնշանակի, որ ԵՄ անդամակցության հարցում լուրջ մարտահրավերների առաջ կանգնած Թուրքիան Եվրոպայի անվտանգության ապահովման հարցում ոչ միայն սպառող, այլև արտադրող պետություն է:
Սեպտեմբերի 7-ին` շաբաթվա սկզբին, հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, շաբաթվա վերջին հայտնի չէ` Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում է միայն խորհրդարանի՞ց, թե՞ նաև քաղաքականությունից: «Ժառանգության» կարուսելը պտտվեց-պտտվեց ու կախվեց օդում։ Գուցե այդպե՞ս էր մտածված։ Ընդամենը մեկ շաբաթում «Ժառանգության» ԱԺ խմբակցությունը փոխեց իր ղեկավարին` Արմեն Մարտիրոսյանի փոխարեն Ստյոպա Սաֆարյան, կուսակցության քաղաքական խորհուրդն իր նախագահին` Անահիտ Բախշյանի փոխարեն Արմեն Մարտիրոսյան: Դետեկտիվ ժանրի դասական շրջապտույտներով, նախ, կատարվեց հանցագործություն, որը, պարզվեց, վաղուց է կատարվել` կուսակցության համագումարում կեղծվել են ընտրությունների արդյունքները, բայց վաղեմության ժամկետ չունի, հետո պարզվեց, որ կուսակցության ներսում բուն են դրել ընդդիմության գործակալներ` ՀԱԿ-ի, որը ահավորագույնս վախենում է «Ժառանգության» մրցակցությունից, խանդով է վերաբերվում «Ժառանգության» անխախտ հաջողություններին ու մտածում է ինչպես խանգարել, հետո կուսակցությունից 6 անդամն հեռացվեց, հետո նրանք հայտարարեցին, որ արտահերթ համագումար են հրավիրելու և արդեն 80 կուսակցականի ստորագրություն ունեն: «Ժառանգության» վարչության անդամ դարձած Ստյոպա Սաֆարյանն իշխանավարի մերժեց Զոյա Թադևոսյանի ստորագրությունների իրավականությունը. «Դա չի կարող լինել «Ժառանգություն» կուսակցության համագումար: Եթե Զոյա Թադևոսյանը ցանկանում է նոր կուսակցութուն ստեղծել, նա կարող է հիմնադիր համագումար հրավիրել իր և իր կողմնակիցների անունից»: Կուսակցությունից հեռացվածներն էլ իրենց հեռացնելու որոշումն ապօրինի են համարում ու պատրաստվում են արդարադատության նախարարություն դիմել: Ստեփան Սաֆարյանն էլ համարում է, որ վարչությունն առաջնորդվել է միայն ու միայն կանոնադրությամբ: Կուսակցության նոր ղեկավարությունը համարում է, որ «ինքնամաքրման» գործընթացը ընդդիմադիր դիրքերից շեղում չի դառնա, հեռացվածները համարում են, որ կուսակցությունն աճուրդի է հանվել... Իսկ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը: Նա որդեգրել է ամենաիմաստուն քաղաքականությունը. ասում են` Հայաստանում չէ ու չի էլ ցանկանում վերադառնալ, փոխարենը փակ նամակներ է գրում ներկա ու նախկին կուսակիցներին, որոնց բովանդակությունը մնում է գաղտնիք: Ակներևաբար` Րաֆֆի Հովհաննիսյանը փակ բնատնտեսություն է համարում ոչ միայն «Ժառանգությունը», այլև հասարակությունը, որին կարող է իրազեկել առավոտյան ու երեկոյան ունեցած իր տրամադրության տարբերությունների մասին, կարող է նամակ գրել, կարող է չգրել` հայրաբար մնալով տեր: Տեր հասկացության տարընթերցումների հետևանքով հասարակական հոգեխանգարմունք չառաջացնելու նպատակով ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացներ իր պատկերացումները, ակնկալիքներն ու անելիքները: «Ժառանգության» այս ամբողջ աղմուկն այնքան ու այնքան նախադեպեր ունի, որ նույնիսկ անիմաստ է հիշել, որ ոչինչ գաղտնիք չի մնում, շատ կարճ ժամանակում անվանական ու իրական քաղաքականության համադրումով հայտնի կդառնա` որտեղից ո՞ւր և ինչու է գնում կուսակցությունը, և, ի վերջո, ում ժառանգությունն է «Ժառանգությունը»: Եվ որքան երկար լռի Րաֆֆի Հովհաննիսյանը, այնքան նրա ասելիքը կպակասի կամ կկորցնի կարևորությունը: Գուցե իր հույսն էլ դա՞ է:
Եվ քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնի չէ` որտեղ, հայտնի չէ` ինչ է մտածում, ու հայրենիքի փրկության ինչ մորմոքներ են նրան տանջում, «Ժառանգության» ներկա ղեկավարությունը դիմում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդին` հայ-թուրքական հարաբերությունների ու նախաստորագրված արձանագրությունների քննարկման առաջարկով: Միտումն ակնհայտ է` գոնե այս հարցում «Ժառանգությունը» կամ այն, ինչ դեռ համարվում է «Ժառանգություն», փորձում է մնալ տեր:
Ա յսքանից հետո մի տեսակ անհարմար է գրել... թատրոնի մասին: Իսկական թատրոնի: Սեպտեմբերի 7-ին քաղաքապետարանում բացվեց Վահրամ Փափազյանի անվան ամենամյա միջազգային շեքսպիրյան փառատոնը: Ի դեպ, դա էլ աբսուրդ է. Փափազյանի անվան... շեքսպիրյան փառատոն, որքան էլ հասկանում ես, որ նա Օթելլո է խաղացել, Համլետ ու Լիր, շեքսպիրյան դերացանկի դերերով միայն հայերս կարող էինք, Շեքսպիրից բացի, այլ անուն տալ շեքսպիրյան պիեսների փառատոնին: Մերն ուրիշ է, ավելի ճիշտ` ուրիշը մենք ենք, բայց ոչ միշտ ենք մենք ճիշտ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ